ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2005 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի N 2137-Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը` համաձայն ավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 14
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում են տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները:
  2. Տրանսպորտային միջոցների վրա գովազդը տեղադրվում է`
    • տրանսպորտային միջոցի տանիքի վրա` առանց լրացուցիչ առարկաների տեղադրման,
    • թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը,
    • բեռնատար բեռնաուղևորատար) ավտոմոբիլների թափքերի կողային մակերեսներին (այդ թվում` ֆուրգոնների, կիսակցորդների, կցորդների),
    • երկաթուղային տրանսպորտում` ուղևորատար վագոններում, բացի պատուհանների մակերեսներից:
  3. Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի թափքի ներկված դետալների մակերեսի 30 տոկոսը, որոնց վրա այն տեղաբաշխված է:
  4. Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել արտաքին լուսային սարքավորումներ, որոնք տվյալ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից թույլատրված են կամ նախատեսված: Գովազդի նպատակով չեն կարող օգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:
  5. Տրանսպորտային միջոցների վրա տեղադրվում են այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման տեղով չպետք է նման լինեն հատուկ և օպերատիվ տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ սխեմաներին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոններով տրանսպորտային միջոցների վրա տեղադրվելու համար նախատեսված ճանապարհային նշաններին:
  6. Գովազդի համար կարող են օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք ունեն լուսանդրադարձնող էֆեկտներ, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսանդրադարձնող նյութերի, ևտեղադրվում են տրանսպորտային միջոցի առջևի մասում` կարմիր, իսկ հետևի մասում` սպիտակ գույնի:
  7. Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, արտաքին լուսավորության սարքավորումները, գրանցման համարանիշերը, թափքի համարը, իդենտիֆիկացիոն համարները, տեղեկատվական գրառումները և սիմվոլները, ինչպես նաև բեռնատարների, կցորդների և ավտոբուսների թափքի հետևի պատի վրա կատարվեն թվանշաններ պարունակող գրառումներ, բացառությամբ հատուկ և օպերատիվ նշանակության տրանսպորտային միջոցների:
  8. Սույն կարգի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան