Գործ թիվ ՎԴ/1018/05/08

ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«11» ապրիլի 2008 թ.


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը

նախագահությամբ` դատավոր Ք. Մկոյանի

քարտուղարությամբ` Լ. Մնոյանի

մասնակցությամբ` պատասխանող Ա. Ավետիսյանի,

պատասխանողի ներկայացուցիչներ` Է. Հովհաննիսյանի, Կ. Սահակյանի

դռնբաց նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ընդդեմ Արսեն Պավլիկի Ավետիսյանի /անձնագիր` AA 0365651/` գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Ներկայացված հայցադիմումով հայցվոր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը պնդելով, որ պատասխանողը ճանապարհային ոստիկանության 29.04.2007թ. որոշմամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է վարչական տույժի` տուգանք 3000 դրամ, որը համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հնգապատկվել է և կազմում է 15.000 դրամ: Ձեռնարկված միջոցառումներով հնարավոր չի եղել ապահովել նշված տուգանքի գանձումր:

Խնդրել է պատասխանողից ՀՀ ոստիկանության համապատասխան հաշվին վճարելու համար բռնագանձել 15.000 դրամ և վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաև գործը քննել առանց իրենց ներկայացուցչի:

Պատասխանողի ներկայացուցիչները, առարկելով հայցի դեմ, հայտնեցին, որ պատասխանողը վարչական տուգանքի գումարը վճարել է 16.05.2007 թվականին և վճարումը հավաստող անդորրագիրը ներկայացրել է հայցվորին, թեպետ, համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 308-րդ հոդվածով, նման պարտավորություն չի ունեցել: Բացի այդ, հայցվորը վերը նշված օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-բդ մասով նախատեսված ժամկետից մեկուկես ամիս անց է տուգանքի գումարը բռնագանձելու պահանջով հայց ներկայացրել դատարան:

Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին, ՀՀ վարչական դատարանը որոշեց գործը քննել հայցվորի բացակայությամբ:

Լսելով պատասխանողի ներկայացուցիչների բացատրություններր, հետազոտելով հայցադիմումը, դրան կից փաստաթղթերը, պատասխանողի կողմից ներկայացված 16.02.2007թ. մուտքի օրդերը` դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Գործի քննությամբ պարզվեց, որ Արսեն Ավետիսյանը, համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 29.04.2007թ. թիվ 105155 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի 3000 դրամի չափով: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, հիմք րնդունելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասը, նշված տուգանքի գումարը հնգապատկել է:

Նշված գումարը և վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջով ՀՀ ճանապարհային ոստիկանությունը 27.11.2007 թվականին հայց է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան ընդդեմ Արսեն Ավետիսյանի: Դատարանի 13.12.2007 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` սույն գործը ենթակայության և ընդդատության կանոնների պահպանմամբ փոխանցվել է ՀՀ վարչական դատարանին: ՀՀ վարչական դատարանի 20.02.2008թ. որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-բդ մասը սահմանում է, որ նույն օրենսգրքի 123-129, 131-133 և 140 հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման:

Դատարանն ապացուցված է համարում այն հանգամանքը, որ պատասխանող Արսեն Ավետիսյանը վարչական իրավախախտման համար նշանակված 3000 դրամ վարչական տուգանքը վճարել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուց հետո 17-րդ օրը` 16.05.2007 թվականին, որպիսի փաստը հիմնավորվում է պատասխանողի կողմից ներկայացված «Հայփոստ» ՓԲԸ-ի 0156 սպասարկման կետի 16.05.2007թ. մուտքի օրդերի պատճենով, համաձայն որի Արսեն Ավետիսյանի կողմից վարչական տուգանքի համար 900013150025 հաշվին, որը համապատասխանում է հայցադիմումում նշված հաշվի համարին, կատարվել է վճարում 3000 դրամի չափով:

Այսպիսով, դատարանը եկավ այն համոզման, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` անհիմն կերպով հնգապատկելով վարչական տուգանքի գումարը, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ Արսեն Ավետիսյանից 15.000 դրամ բռնագանձելու հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ, 112-115-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը

ՎՃՌԵՑ

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցն րնդդեմ Արսեն Պավլիկի Ավետիսյանի` 15.000 դրամ և 1500 դրամի չափով վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան:


ԴԱՏԱՎՈՐ` Ք. ՄԿՈՅԱՆ