Բողոքարկման իրավունք

Այն դեպքերում, երբ ճանապարհային ոստիկանության տեսուչը վարորդին պատասխանատվության ենթարկելու գործողություններ է կատարել օրենքի խախտմամբ, ապա այդպիսի գործողությունները և դրանց բերած հետևանքները հանդիսանում են ոչ իրավաչափ: Այդպիսի դեպքերում վարորդն իրավունք ունի դրանք բողոքարկելու:

Վարորդը իր բողոքարկման իրավունքը կարող է իրականացնել հետևյալ կերպ:

Նախ, տեղում պետք է տեսուչից պահանջի, որ նա ապացույցներով հաստատի իրեն վերագրող խախտումը: Եթե տեսուչը դա չի անի, կամ նրա բերած ապացույցները վարորդը կգտնի ոչ հիմնավոր կամ ոչ համոզիչ, ապա վարորդը տեսուչի կազմած արձանագրության իր բացատրությունների համար նախատեսված տողերում պետք է նշի արձանագրվածի հետ իր անհամաձայնությունը և` թե ինչու համաձայն չէ: Եթե նշված տողերը չեն բավարարի, ապա վարորդը կարող է իր բացատրությունները շարունակել լրացուցիչ թղթի վրա և արձանագրությունում նշել` «կցվում է շարունակությունը»: Իր բացատրությունների վերջում ինչպես նաև արձանագրության հետ ծանոթանալու մասին վարորդը պետք է դնի իր ստորագրությունը: Առանց առարկությունների արձանագրությունը ստորագրելը, կամ ստորագրելուց հրաժարվելը հետագայում կարող է գնահատվի, որպես համաձայնություն արձանագրված խախտման հետ:

Արձանագրությունը կազմելուց հետո տեսուչը օրենքով իրավունք ունի տեղում ընդունել որոշում, եթե համապատասխան ապացույցներով կարողացել է հաստատել ձեզ վերագրած զանցանքը:

Եթե գտնում եք, որ ձեր իրավական գիտելիքները բավարար չեն տեսուչի հետ ունեցած վեճը լուծելու համար, ապա կարող եք պահանջել, որ գործի քննությանը մասնակցի նաև ներկայացուցիչը: Գործին մասնակցելու համար ներկայացուցչին լիազորում եք հասարակ գրավոր ձևվով առանց նոտարական վավերացման: Եթե տեսուչն, անտեսելով ձեր պահանջը, կնդունի տուգանելու մասին որոշում, ապա դա կհամարվի որպես պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունքի խախտում և վարչական որոշումը վերացնելու համար հիմք:

Երբ վարորդն արդեն ստացել է իրեն տուգանքի ենթարկելու մասին որոշումը և համաձայն չէ դրա հետ, ապա նա որոշումը կարող է բողոքարկել հետևյալ մարմիններին`

  1. Տասնօրյա ժամկետում` որոշումն ընդունողի վերադասին (ճանապարհային ոստիկանության պետին, ՀՀ ոստիկանության պետին): Բողոքարկման բաց թողած ցանկացած ժամկետ կարող է վերականգնվել հիմնավորված դիմումով: Վերադասը դիմումը պարտավոր է քննարկել տասնօրյա ժամկետում: և ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

    Ընդ որում, ինչպես նշվեց վերևում, վարորդը քննարկմանը կարող է մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցիչի հետ կամ ներկայացուցիչի միջոցով:

    Եթե վարչական վարույթն իրականացվում է ոչ թե տեղում, այլ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում, ապա վարորդը պատշաճ ձևով պետք է ծանուցվի քննարկման օրվա, տեղի և ժամանակի մասին և իրավունք ունի մասնակցելու քննությանը, տալ բացատրություններ, պահանջել ապացույցներ:

    «Աքիլես» կազմակերպության բազմամյա փորձը ցույց է տվել, որ վերադասության կարգով բողոքարկելը անարդյունավետ է` որպես կանոն, որոշումը թողնվում է անփոփոխ: խորհուրդ թնք տալիս անմիջապես դիմել վարչական դատարան:

  2. Վարչական դատարան, եթե դիմումի կապակցությամբ վերադասի որոշման հետ համաձայն չէ, կամ վերադասին չի բողոքարկվել:

    Վարչական դատարան կարելի է դիմել.

    ա) վիճարկելով իրավախախտում կատարած չլինելու փաստը` վիճարկման հայցով, որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում,

    բ) պահանջելով առ ոչինչ կամ անվավեր ճանաչել տույժի ենթարկելու մասին որոշումը (ճանաչման հայց), ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել վարչական տույժի ենթարկելուն ուղղված ճանապարհային ոստիկանության գործողությունները կամ նրա ընտրած վարչական պատասխանատվություն սահմանող իրավական նորմը: Ճանաչման հայցով դատարան կարելի է դիմել անկախ ժամկետից: