Ճանապարհային երթևեկության մասնակցի իրավունքները ու պարտականությունները

Ճանապարհային երթևեկության մասնակիցն իրավունք ունի`

ա) ազատ և անարգել տեղաշարժվելու ճանապարհով.

բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթևեկության սահմանափակման և (կամ) արգելման մասին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.

գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ստանալու անվճար բժշկական, փրկարարական և այլ առաջնային օգնություն.

դ) պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ.

ե) բողոքարկելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:

Ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները:

Տ.մ.-ի սեփականատերը պարտավոր է ապահովել տ.մ.-ի տեխնիկապես սարքին վիճակը` համաձայն տ.մ.-ի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի: Տ.մ.-ի վարորդը պարտավոր է`

ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել`

  1. տ.մ.-ի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.
  2. արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տ.մ.-ի վրա նաև երթևեկության ընթացքում.

բ) ոստիկանության ծառայողի պահանջով`

  1. օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տ.մ.-ը և բեռը` իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տ.մ.-ների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).
  2. ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման` սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տ.մ.-ների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).

գ) օժանդակելու նպատակով տրամադրել տ.մ.-ը`

  1. ոստիկանության ծառայողներին` շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.
  2. բուժաշխատողներին, որոնք բուշօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).
  3. ոստիկանության ծառայողներին.

Տ.մ.-ի վարորդը, բացի նշվածից, պարտավոր է`

ա) իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման`

  1. տվյալ կարգի տ.մ.-ը վարելու վարորդական վկայականը (կամ տ.մ.-ը վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը.
  2. տ.մ.-ի հաշվառման փաստաթղթերը.
  3. ուղևորների և բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն).

բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տ.մ.-ներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին, ինչպես նաև տ.մ.-ը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին:

Վարորդական վկայական ունեցող անձինք պոլիկլինիկական բժշկական հաստատությունում պարտադիր բժշկական հավատարմագրում անցնում են յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ, ընդ որում, վարորդական վկայական ունեցող անձինք պետք է պարտադիր բժշկական հավատարմագրման ներկայանան նախորդ հավատարմագրման օրվանից 10 տարին լրանալուց առաջ` 6 ամսվա ընթացքում:

ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 1246 հոդվածի համաձայն` ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարչական վարույթն իրականացվում է պատահարի վայրում պատահարի մասնակցի պահանջով: Պատահարի մասնակիցների կողմից վարչական վարույթ իրականացնելու պահանջի բացակայությունը փաստվում է պատահարի մասնակիցների գրավոր համաձայնությամբ: Գրավոր պահանջի և գրավոր համաձայնության ձևաթղթերը տրամադրում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը: