ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:
  2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից, և տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է` անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

    1) ճանապարհային երթևեկության կանոնի խախտում` (այսուհետ` իրավախախտում) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով արգելված արարք (գործողություն կամ անգործություն).

    2) վարչական ակտի հասցեատեր` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք.

    3) վարչական մարմին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն.

    4) անհատական ծածկագիր` թվային և (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք մուտքագրելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցային կայքէջում` վարչական ակտի հասցեատերը կարող է դիտել և պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեսանյութը:

Գ Լ ՈՒ Խ  2

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 3. Ապացույցները

  1. Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

Հոդված 4. Ապացույցները պահպանելը, ապացույցները ծանոթացման տրամադրելը

  1. Ապացույցները վարչական ակտի հետ պահվում են վարչական վարույթի վերաբերյալ գործում:
  2. Եթե տեսանյութի կամ լուսանկարի կրիչը ամրագրում է մեկից ավելի իրավախախտումների դեպքեր, ապա այն պահվում է դրանցով իրականացված վարչական վարույթի գործերից մեկում, իսկ վարչական վարույթի գործերը միավորվում և համարակալվում են ընդհանուր պահոցում:
  3. Տեսանյութի կամ լուսանկարի կրիչը փաթեթավորվում և կնքվում է վարչական մարմնի կնիքով վարչական ակտի վարչական բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:
  4. Փաթեթի վավերապայմանները սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:
  5. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:
  6. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից:
  7. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, և հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
  8. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա վարչական մարմնում կազմվում է արձանագրություն, որով փաստվում է նրա չներկայանալը: Արձանագրության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
  9. Հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու խնդրանքով:
  10. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:
  11. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան և ենթակա են արխիվացման` օրենքով սահմանված կարգով:
  12. Բացի վարչական ակտի հասցեատիրոջից, իրավախախտումն ամրագրած տեսանյութում կամ լուսանկարում արձանագրված այլ անձանց պատկերները մթնեցվում են և վարչական վարույթի վերաբերյալ գործում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցի կայքէջում և ընդհանուր պահոցում պահվում են այդ պատկերով:

Հոդված 5. Վարչական վարույթի փուլերը

1. Վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Հոդված 6. Իրավախախտման հատկանիշների պարզումը

  1. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
  2. Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
  4. Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (պետական մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձին):
  5. Հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:
  6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ տեսանյութը կամ լուսանկարը իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 3-օրյա ժամկետում, վարչական մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում գործող ռազմական ոստիկանություն:

Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները

  1. Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, այն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
  3. Տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից և վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում:
  4. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:

Հոդված 8. Վարչական ակտի առանձնահատկությունները

  1. Վարչական ակտը ներառում է`

    1) կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարը` նշանակված տուգանքը վճարելու համար.

    2) անհատական ծածկագիրը.

    3) լուսանկարը, եթե իրավախախտման փաստն ամրագրվել է լուսանկարահանմամբ.

    4) օրենքով սահմանված այլ տվյալներ:

  2. Վարչական ակտի ձևը և նմուշը սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-238-Ն