Տեխնիկական զննություն անցկացնելը

Տ.մ.-ի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տ.մ.-ը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տ.մ.-ի տեխնիկական զննությունը կատարվում է տ.մ.-ի հաշվառմանը հաջորդող տարում: Այդ տ.մ.-ներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

Տ.մ.-ի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման տ.մ.-ը` առևտրային հիմունքներով ուղևորների փոխադրման համար օգտագործվող թեթև մարդատար ավտոմոբիլները (տաքսի ավտոմոբիլներ) և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները և ավտոբուսները` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) տ.մ.-ների թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի «ա» կետում նշված տ.մ.-ներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ) տ.մ.-ների թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տ.մ.-ները (բացի «ա» կետում նշված տ.մ.-ներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տ.մ.-ը գ) կետի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

Տեխնիկական զննությունն իրականացնում են տ.մ.-ի հաշվառման վայրն սպասարկող տարածքում տեխնիկական զննության լիցենզիա ունեցող կազմակերպությունները:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու համար ՀՀ կառավարության 15.02.2007թ. N 609 որոշմամբ սահմանված գումարները`

ա. թեթև մարդատար ավտոմոբիլներ 8 000 դրամ
բ. մինչև 3500 կգ զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և մինչև 17 նստատեղ ունեցող ավտոբուսներ 10 000 դրամ
գ. 3500 կգ-ից ավելի զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներ 13 000 դրամ
դ. կցորդներ և կիսակցորդներ 6 000 դրամ
ե. մոտոցիկլետներ և մոպեդներ 6 000 դրամ